Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարին առաջարկել են հրաժարականի դիմում գրել. նա մանրամասնում է
Իմ ազատման հիմքում դրված պատճառները պետք է որևէ կերպ արտացոլված լինեին իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Նա նշեց, որ տեսչությունը ղեկավարելու ընթացքում իր աշխատանքից որևէ դժգոհություն չեն հայտնել կամ կարգապահական պատասխանատվության չեն
ենթարկել։
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ ոչ միայն Ամուլսարի խնդրի, այլ առհասարակ կան
սկզբունքային տարաձայնություններ շատ կարևոր հարցերի շուրջ, որոնց մասին նա չբարձրաձայնեց։
«Իմ աշխատանքը եղել է հրապարակային, ազատման մեջ չէին գրելո՝ւ այդպես ենք ուզել, այդպես ենք արել»,– նկատեց նա։
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ
կառավարության կադրային նշանակումները և ազատումները միտված են ավելի
բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և առաջադրված նպատակների իրականացմանը։
Այս հայտարարությանը Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ եթե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից ազատում են հենց այս փուլում, ապա առկա սկզբունքային տարաձայնությունների մասին պետք է խոսել հենց հիմա։ «Շատ ազնիվ կլինի մատնանշել քաղաքական նպատակահարմարության հարցը, ոչ թե մասնագիտական որակների մասին տարբեր ձևակերպումներ տալ»,– շեշտել է նա։
Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ ազատումից մեկ շաբաթ առաջ նրան փոխանցել
են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը աշխատանքից ազատվելու
դիմում գրելու մասին, ինչը Գրիգորյանը չի արել։ Այնուհետև եղել է վարչապետ
Նիկոլ Փաշինյանի որոշումը։ «Երբ վարչապետը Հայաստանում չէր, ես չէի կարող
ակնկալել, որ այդպիսի որոշում կհրապարակվի։ Մենք աշխատանքային խորհրդակցություն էինք վարում, երբ իմ խորհրդականը զանգահարեց և ասաց, որ
կառավարության կայքում այսպիսի բան է դրված»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Արթուր Գրիգորյանը
մինչև այդ պաշտոնին նշանակվելը ակտիվորեն պայքարել է, որ Ամուլսարը հանք
չդառնա։ Օրերս հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը նրան
այդ պաշտոնից ազատելու մասին։