ԱՄՆ-Հայաստան զենքի վաճառքի պայմանագիրը կարող է չեզոքացնել Ռուսաստանի մենաշնորհը
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետ հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, ու թեև հետխորհրդային պետությունների մեջ քիչ են այնպիսիները, որոնք Հայաստանի չափ կապված են Ռուսաստանի հետ, բայց հակասությունների հետագա զարգացումը կարող է այլ խաղացողների Հայաստան մտնելու հնարավորություն ընձեռել։ Այսպիսի վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը։
Վերլուծության հեղինակները հիշեցնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող որոշ խնդիրներ՝ Հայաստանում տեղակայված ռուսական բազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում եղած միջադեպը, Գյումրիում ռուս զինծառայողի կողմից տարեց կնոջ սպանությունը, Հայաստանի համար գազի գնի թանկացումը և այլն։ Ու թեև հիշատակվում է նաև Հայաստանի տնտեսական-ենթակառուցվածքային կախվածություն-կապվածությունը Ռուսաստանի հետ, սակայն նշվում է, որ այս ամենը կարող է թուլանալ։
Առանձին վերլուծության հեղինակները ուշադրություն են դարձնում համագործակցության ռազմական բաղադրիչի վրա։ Հայաստանին զենք մատակարարող հիմնական պետությունը հենց Ռուսաստանն է, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ զենքի մատակարարման հայ-ամերիկյան գործարքը (այդպիսի գործարքի հայտարարություն չի եղել, խոսքը հիպոթետիկ գործարքի մասին է – խմբ.) կարող է սպառնալ ռուսական մենաշնորհին։ Այդպիսի դեպքում, սակայն, Ռուսաստանը կարող է Հայաստանից վրեժ լուծելու համար աջակցել Ադրբեջանին, ու դա, ըստ վերլուծաբանների, ավելի կհեռացնի Հայաստանին ու Ռուսաստանին։
Սակայն այս պահին, ըստ Stratfor-ի վերլուծության, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական տեսանկյունից փոխադարձ անհրաժեշտ են իրար, ինչը նույնիսկ տնտեսական հարաբերությունների թուլացման դեպքում թույլ չի տա երկու պետությունների ռազմական հարաբերությունների խզումը։