Ադրբեջանցիները խոսել են Հայաստանի նախկին իշխանությունից և ԼՂ հակամարտությունից. Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ից
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել են ադրբեջանցիների ելույթներին: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Նրանք խոսում էին Հայաստանի նախկին իշխանություններից, որ այդ իշխանությունները եղել են «հանցագործ», և Եվրոպայի խորհուրդը ժամանակին ինչու՞ գնահատական չի տվել նրանց: Հայկական պատվիրակության անդամները պատասխանեցին, որ ժողովրդավարությունից, հանցագործ իշխանություններից խոսելու իրավունք Ադրբեջանը չունի: Մի երկիր է, որտեղ ժողովրդավարությունը միայն գրքերից է ծանոթ, ընդհանրապես իրավունք չունի գնահատական տալու Հայաստանին որևէ կոնտեքստում»,-ասաց Զոհրանյանը:
Ադրբեջանական պատվիրակության անդամներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության թեմային:
«Նրանք ասում էին, որ Եվրոպայի խորհուրդը պետք է անի առավելագույնը` ղարաբաղյան կոնֆլիկտը հնարավորինս շուտ լուծելու համար: Ես հիշում եմ՝ անգամ տարիներ առաջ այստեղ քննարկվում էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման՝ գլոբալ տաքացման կոնտեքստում: Անգամ այդ թեմայի շրջանակում նրանք բնականաբար խոսեցին ԼՂ հակամարտությունից»,-ասաց Զոհրաբյանը: