Ռուսաստանի հետ Ադրբեջանի կեղծ բարեկամությունը․ Ինչ է ասում և ինչ է գործնականում անում Ալիևը
Ադրբեջանում սիրում են հայտարարել ռուսերենի դերի մասին, առիթը բաց չեն թողնում ավելորդ անգամ ընդգծել ռուս-ադրբեջանական բարեկամության մասին։ Սակայն գեղեցիկ խոսքերի հետեւում թաքնված են ոչ գեղեցիկ գործողություններ։ Եվ հարեւան երկրի ղեկավարության գործողությունները, ինչպես միշտ, շատ են տարբերվում նրա հայտարարություններից։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն, երկրի մի շարք ռուսական անվանումով բնակավայրեր անվանափոխվել են ադրբեջանական անուններով։ Օրինակ Ալեքսեեւկա գյուղը՝ Չայքենարի, Շիրվանկովան՝ Շիրվանլիի, Կալինովկան՝ Վիլյաշի եւ այլն։ Եվ սա այն դեպքում, որ անվանափոխված բնակավայրերի մեծ մասում ապրում են երկրի ռուս եւ ռուսալեզու քաղաքացիներ։
Այս քաղաքական որոշումը անմիջականորեն արտահայտվում է Ադրբեջանի ռուս եւ ռուսալեզու բնակչության հանդեպ պանթյուրքիզմի տարածումով և հերքում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Ռուսաստանն իրենց գլխավոր գործընկերն է տարածաշրջանում։
Ռուսաֆոբիայով են տառապում նաեւ Ադրբեջանի գիտական ոլորտի ներկայացուցիչները։ 2017թ․ հոկտեմբերին երկրի ԶԼՄ-ներում լույս էր տեսել շատ խոսուն «Դեպի Ռուսաստանի թուլացում տանող ճանապարհը նրա ներսում պանթուրանական գաղափարների զարգացումն է» վերնագրով։ Հոդվածի հեղինակը՝ Ադրբեջանի ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատակցուհի Յասեմեն Գարագոյունլուն, գրում էր, թե ինքը լիակատար աջակցություն է հայտնում ազգայնականների «լեզվական» ելույթներին, եւ որ «Ռուսաստանը կտրել է էթնիկ-աշխարհագրական-մշակութային կապը՝ Կովկասում ձեւավորելով քրիստոնեական դոմինանտություն՝ ի դեմս վրացիների և հայերի, խոչընդոտելով օսմանների ինտեգրացիային Կովկասում»։
Նա հիշեցրել է պատմությունը, երբ Պետրոս Առաջինին հարցրել են, թե ինչպես կարելի է գրավել Կովկասի եւ Միջին Ասիայի տարածքները, նա պատասխանել է, թե պետք է միասնական թյուրքական լեզուն բաժանել բարբառների, որպեսզի ստեղծվեն նոր ժողովուրդներ և թուրքերը պառակտվեն։ Եվ այժմ, ըստ նրա, ռուսները իրականացնում են այդ ծրագիրը, որպեսզի «ռուսացնեն, ասիմիլյացիայի ենթարկեն թյուրքական աշխարհագրությունը»։
Նշենք, որ ադրբեջանցի գիտնականների հրապարակային ելույթները նախնական ստուգում են անցնում համապատասխան կարգավորող մարմինների կողմից։
Ադրբեջանի ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատանքը համակարգում է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը։
Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ նրան, որ Ադրբեջանում ծնված պատմաքաղաքական գաղափարախոսությունների մեծ մասը, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես եվրոպական տերությունների դավադրության «զոհ», իսկ ադրբեջանական ժողովուրդը՝ որպես պառակտված ազգ, մշակել է Ռամիզ Մեխտիեւը, ով երկրի ԳԱԱ ակադեմիկոս է։