ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում. Արսեն Թորոսյան
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԿ), «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով՝ ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցերի շուրջ:
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ոլորտի այլ պատասխանատուներ:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի պաշտոնակատարը հատուկ շեշտել է, որ վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ՝ Հայաստանում կասեցվել է համաճարակի զարգացումը, և ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը մնում է կայուն:
«Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում շարժական կլինիկաների և բժշկական խմբերի միջոցով տասնյակ հազարավոր շահառուների անանուն և անվճար սկզբունքով տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ՝ գրավիչ դարձնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և նպաստելով հիվանդության վաղ հայտնաբերմանն ու բուժմանը»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարի պաշտոնակատարը հատուկ շեշտել է, որ 2017 թվականից Հայաստանում ներդրվել է «բուժել բոլորին» ռազմավարությունը: