Շիրակի մարզում սուր շնչառական վարակները նահանջում են
Գրիպի և սուր շնչառական մյուս վարակների տարածման առումով Շիրակի մարզում վիճակն անհանգստացնող չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են մանկաբույժը, համաճարակաբանն ու մարզի առողջապահության վարչության պատասխանատուն: Հունվարի 1-ից մինչև 17-ը մարզում գրանցվել է սուր շնչառական վարակների 595 դեպք, որից 89-ը հոսպիտալացվել է: Բժիշկները նշել են, որ հիմա հիվանդանոցներում ավելի շատ են դուրսգրումները, քան նոր հիվանդների ընդունումները, բայց չի նշանակում, որ հիվանդությունը նահանջել է: Հիվանդացության մակարդակը նախահամաճարակային էլ չի համարվում, քանի որ բնակչության կեսից էլ պակաս են հիվանդները:
«Տամիֆլյու» դեղորաքի համապատասխան չափաբաժնով մարզը հագեցած է, հակագրիպային պատվաստանյութերով՝ ևս: Ըստ մասնագետների՝ H1N1-ը համեմատաբար ագրեսիվ վիրուս է, որի դեպքում մեծանում է թոքաբորբերի հավանականությունը, իսկ 10 տարվա համեմատությամբ, վիրուսը թուլացել է: Բժիշկները նաև հորդորում են՝ թեթև հազ, գլխացավ կամ ցանկացած այլ ախտանշանների դեպքում անպայման դիմել բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ լինում են սխալներ, որոնք վնասում են հենց հիվանդին: Խոսքը անտեղի հակաբիոտիկներ օգտագործելու մասին է, ինչն անթույլատրելի է գրիպի դեպքում: