Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Արդբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին:
«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման հետ: Ադրբեջանական կողմը հերթական անգամ վստահեցրել է ռուս գործընկերներին, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ խնդրի կարգավորման համար»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ՌԴ՝ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերին, երբ նրանք փորձել էին մուտք գործել Ադրբեջան:
«Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են»,- ասել էր Զախարովան:
«Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում՝ ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում»,- հայտնել էր նա։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ առնվազն նախորդ տարվա ընթացքում իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպքի մասին․ խոսքը Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելիության պատճառով Ադրբեջան մուտքն արգելելու մասին է։
Ավելի ուշ Բաքուն «սադրիչ» և «հակաադրբեջանական» է որակել Զախարովայի հայտարարությունը: