Ռուսաստանի հայ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արգելքը ցավոք ավանդույթ է դառնում․ ՌԴ ԱԳՆ
Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք քաշում ադրբեջանական կողմի առջև, խոսել ենք այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում՝ ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքցիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում», – ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակն ասաց, որ առնվազն նախորդ տարվա ընթացքում իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպքի մասին․ խոսքը Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելիության պատճառով Ադրբեջան մուտքն արգելելու մասին է։
«Ընդ որում՝ Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվել են օդանավակայաններում բազմաժամյա արգելափակումների, ապա բռնի արտաքսվել են երկրից, և պաշտոնական պատճառաբանություն չի ներկայացվել»,– ասաց Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում է, և այդ քաղաքականությունը չի համապատասխանում երկու երկրների միջև համագործակցության մասին պայմանագրերին։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ըստ խոսնակի, բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին ու հայտնել այդպիսի խտրականության անընդունելիության մասին, պահանջել դադարեցնել նման գործողությունները, քանի որ դա չի համապատասխանում երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում ստացել ենք հավաստիացումներ, որ իրավիճակը կշտկվի, և մենք մեծ հույս ունենք, որ այդպես կլինի»,– իր խոսքը եզրափակեց Զախարովան։