HSBC-ի թուրքական ստորաբաժանման ղեկավարին կասկածում են Էրդողանին «վիրավորելու» մեջ
HSBC Holding Plc-ի թուրքական ստորաբաժանման ղեկավարը հերքում է, որ 2013թ․ կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ սոցիալական ցանցերում վիրավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին, վկայակոչելով նրա ցուցմունքները, հայտնում է Bloomberg-ը։
Թուրքիայում HSBC-ի գլխավոր տնօրեն Սելիմ Կերվանչին հինգ տարի առաջ գրած թվիթի համար գտնվում է հետաքննության ներքո։ Նա այն բարձրաստիճան մենեջերներից է, որոնց թուրքական իշխանությունները հետապնդում են այլախոհության համար։ Հետաքննության մասին լուրն առաջին անգամ հայտնվել է Cumhuriyet թերթում՝ դեկտեմբերի 31-ին։
Կերվանչին Twitter-ում տեղադրել է 2004թ․ գերմանական «Անկում» ֆիլմը, որը Ադոլֆ Հիտլերի վերջին օրերի եւ նացիստական Գերմանիայի տապալման մասին է։ Կերվանչին ասել է, թե տեղադրելուց առաջ չի նայել ֆիլմը։
Թուրքիայի հարցերով Wallbrook-ից լոնդոնյան վերլուծաբան Ջոնաթան Ֆրիդմանի խոսքերով՝ HSBC-ի բանկիրի հանդեպ հետաքննությունը ուժեղացնում է թուրքական քաղաքականության համար անհանգստությունները։
«Քաղաքականությունը գերազանցում է տնտեսությանը այսօրվա Թուրքիայում, եւ ներդրողները այդ միջադեպը դիտարկում են որպես վկայություն այն բանի, որ միջազգային բրենդի ներքո աշխատելը միայն մասնակի պաշտպանություն է ապահովում»,- ասել է նա։