Brexit-ի իրագործման հավանականությունը 50-50 կլինի, եթե խորհրդարանը դեմ քվեարկի համաձայնագրին. բրիտանացի նախարար
Մեծ Բրիտանիայի կառավարության ավագ նախարար Լայամ Ֆոքսը կարծիք է հայտնել, որ մարտի 29-ին ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու հավանականությունը 50-50 կլինի, եթե պատգամավորները հունվարին հավանության չարժանացնեն վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած գործարքը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, միջազգային առևտրի հարցերով նախարար Լայամ Ֆոքսը բրիտանական լրատվամիջոցներին հայտնել է, որ «Բրեքսիթը» 100 տոկոսանոց կլինի միայն եթե պատգամավորները հաստատեն առաջարկվող գործարքը:
Նա նշել է, որ եթե գործարքը մերժվի, «դա հարված կհասցնի ընտրողների և խորհրդարանի միջև ձևավորված վստահությանը»:
Հաջորդ ամիս բրիտանացի պատգամավորները պետք է քվեարկություն անցկացնեն Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջ համաձայնագրի հարցով, ինչը նախատեսված է կյանքի կոչել 2019-ի մարտի 29-ին:
Համաձայնագրի կետերի շուրջ նախապես բանակցություններ են տեղի ունեցել Թերեզա Մեյի և ԵՄ անդամ երկրների ղեկավարների միջև:
Brexit-ի հարցով համաձայնագրի շուրջ քվեարկությունը նախապես նշանակված էր դեկտեմբերի 11-ին, սակայն Մեյն այն հետաձգել է՝ մտավախություն ունենալով, որ այն հավանության չի արժանանա պատգամավորների մեծամասնության կողմից:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵՄ-ին չսպասել Մեծ Բրիտանիայի քվեարկությանը Brexit-ի հարցով: