«Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը 2 մլրդ եվրոյի վնաս են հասցրել ֆրանսիացի առևտրականներին
Ֆրանսիայի առևտրային հատվածը «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի և դրանց ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով շուրջ մեկ ամսում առնվազն 2 մլրդ եվրո է կորցրել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Ֆրանսիայի առևտրի կենտրոնների ազգային խորհրդի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 17-ից ֆրանսիացի վաճառականների կորցրած եկամուտը կազմել է առնվազն 2 մլրդ եվրո: Նշվում է, որ սա միայն մոտավոր տվյալ է, առավել ճշգրիտ տեղեկություն կհրապարակվի 2019-ի սկզբին:
Բացի այդ, բողոքի ցույցերի պատճառով, որոնց ընթացքում «դեղին բաճկոններ» շարժման ցուցարարներն արգելափակել էին տարբեր կառույցներ, շուրջ 43 000 մարդ ժամանակավորապես զրկված է եղել աշխատանքից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն՝ ընդդեմ վառելիքի գնի բարձրացման: Ամեն շաբաթ անցկացվող ցույցերի ընթացքում նրանք սկսեցին իրենց բողոքը հայտնել կառավարության քաղաքականությունից՝ պահանջելով նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության հրաժարականը: