Արման Թաթոյանը մասնակցել է Ռուսաստանի Պետդումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության և Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, պատգամավորներ, մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, հանրային պալատի և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։