Ռուսաստանի կողմից Հայաստանում «փափուկ ուժի» կիրառման գործոնը համալիր, համակարգային հարց է. Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի կողմից Հայաստանում «փափուկ ուժի» կիրառման գործոնը համալիր, համակարգային հարց է, որը պահանջում է ամենաօրյա աշխատանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ մեծ ռեսուրսներ կան։ «Այս «փափուկ ուժի» հիմքը այն կապերն են, որոնք միավորել են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին դարեր շարունակ։ Դրանք չափազանց սերտ միջմարդկային կապեր են, որոնք երկու երկրների միջպետական հարաբերությունների հիմքն են»,–պարզաբանել է Կոպիրկինը։
Սակայն դեսպանը նշել է, որ այսօր իրականացվող քայլերը բավարար չեն, եւ պետք է ակտիվ աշխատանք տանել քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ–ների հետ։ «Իմ այսօրվա ելույթը դրա գիտակցման ցուցադրությունն է։ Դեսպանատունը եւ ռուսական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում, տրամադրված են երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,–նկատել է դիվաանգետը։
Այս առումով, Սերգեյ Կոպիրկինի կարծիքով, իր դերն է խաղում նաեւ Հայաստանի աճող տուրիստական գրավչությունը, քանի որ դա թույլ է տալիս մեծ թվով ռուսների ծանոթանալ երկրի հետ, իսկ հանրապետությանը թույլ է տալիս շարունակել իր տնտեսությունը զարգացնել։