ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին օրենք է ընդունել
Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ քաղաքացիության շնորհման ընթացակարգի պարզեցման մասին օրինագիծը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես նշվում է խորհրդրարանի ստորին պալատի կայքում, բոլոր խմբակցություններն աջակցել են քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկին:
Օրենքը նախագահին հնարավորություն է տալիս որոշելու, թե որ օտարերկրացիները պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն:
Միաժամանակ պարզեցվում է հայրենադարձներին քաղաքացիություն շնորհելու կարգը: Նրանք կկարողանան դիմում ներկայացնել ոչ թե գրանցման, այլ գտնվելու վայրից:
Հոկտեմբերի վերջին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենքի նախագիծը: