Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի տիրապետության տակ գտնվող սպառազինումն ու ռազմական տեխնիկան ի զորու է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք:
«Այսօր առկա տեխնիկան և սպառազինումը մեզ թույլ են տալիս բարձր ճշտությամբ և մեծ կործանարար ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ», - Ալիևին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հզոր ռազմական ներուժը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական գործոնն է»:
Ալիևն ընդգծել է Ադրբեջանի ԶՈւ բարձրացող մարտունակությունը: «Մեր բանակն այսօր ունակ է լուծել ցանկացած խնդիր, ինչի մասին վկայում են վերջին տարիների իրադարձությունները: Կարող եմ ասել, որ բանակի հաջող արշավի արդյունքում մեր լիակատար վերահսկողության տակ է անցել 11 000 հեկտար տարածություն Նախիջևանի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- շեշտել է Ալիևը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի այդ գործողությունները թույլ են տվել վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակության բարձունքներում: