Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա Բելառուսի ընդգրկումը Ռուսաստանի կազմում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական ինքնիշխանությունը սուրբ է, և ինքը թույլ չի տա դրա կորուստը:
«Ես այդ սպառնալիքը միշտ զգում եմ մեկ մի կողմից, մեկ՝ մյուս, հենց դրա համար էլ ես նախագահ եմ: Դա նախագահի աշխատանքի գլխավոր խնդիրն է՝ ապահովել երկրի ինքնիշխանությունը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ այժմ աշխարհում չկան «բացարձակապես անկախ պետություններ», սակայն կան ինքնիշխաններ:
«Եթե մեզ ցանկանում են, ինչպես ձեր Ժիրինովսկին է ասել, մասնատել մարզերի և ընդգրկել Ռուսաստանի կազմում, դա երբեք չի լինի: Եվ եթե նման չափանիշներով է Ռուսաստանի ղեկավարությունը խորհում, դա ի վնաս Ռուսաստանի է», - հավելել է Լուկաշենկոն:
Լրագրողների հետ հանդիպմանը վերջինս անդրադարձել է ՌԴ հարկային մանևրին նավթային ոլորտում (փոխհատուցում հարկային գործողությունների համար Ռուսաստանում): Նրա խոսքով՝ դա սպառնում է Բելառուսի անկախությանը: