«Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ հրթիռային ուժերն ունի». ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ 2015թ. «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ Գործողությունների համատեղ համապարպակ ծրագրի ստորագրումից ի վեր, Իրանն ընդլայնել է հակահրթիռային համակարգերի փորձարկման և հրթիռային ուժերի ավելացման հետ կապված գործողությունները:
Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Միջուկային համաձայնագրի ստորագրման օրից ի վեր Իրանի հրթիռային գործունեության տեմպերը չեն նվազել, ընդհակառակը՝ Իրանն ակտիվացնում է հրթիռների փորձարկման գործընթացը և ավելացնում հրթիռների թիվը»,- ասել է Պոմպեոն` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Պետքարտուղարի խոսքով՝ մերձարևելյան տարածաշրջանում Իրանն իր զինանոցում հրթիռների քանակով առաջատար է:
«Այսօր Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ հրթիռային ուժերն ունի, որոնք սպառնալիք են տարածաշրջանի և մեր գործընկերների համար»,- ավելացրել է Պոմպեոն: