Մեծ Բրիտանիայում ևս մեկ նախարար է հրաժարական տվել Brexit-ի հարցով անհամաձայնության պատճառով
Մեծ Բրիտանիայի կրթության և գիտության նախարար Սեմ Ջիման հրաժարական է տվել՝ պայմանավորված Եվրամիության հետ Brexit-ի հարցով կնքված պայմանագրի կետերի հետ անհամաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալութունը:
«Ինձ ավելի քան հասկանալի դարձավ, որ առաջարկվող համաձայնագիրը հակասում է Միացյալ Թագավորության ազգային շահերին, և որ այդ համաձայնագրին կողմ քվեարկելը նշանակում է անհաջողության մատնել ինքդ քեզ», - հայտարարել է նախարարը:
Բրիտանացի նախարարը ընդգծել է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը չպետք է բացառի երկրորդ հանրաքվեի անցկացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին հրաժարական է տվել Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Շեյլեշ Վարան և Մեծ Բրիտանիայի աշխատանքի հարցերով նախարար Էսթեր Մաքվին: