Բակո Սահակյանի՝ Մոսկվա այցի հետ կապված Ադրբեջանի գանգատներն անհիմն են․ Ռուսաստանի ԱԳՆ
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։
«Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, նրա կարգավիճակն ակնհայտ է, և այն մասնավոր այցի կարգավիճակում չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Հետևաբար, ռուսական կողմին ուղղված գանգատները, որոնք արտահայտված էին վերջերս ադրբեջանական կողմի հրապարակած հայտարարության մեջ, մեր տեսանկյունից անհիմն են համարվում»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնի օրերին Արցախի ղեկավարն այցելել էր Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան։ Առաջին երկու երկրներին պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր ուղարկել, իսկ Մոսկվայի դեպքում բավարարվել էր միայն հայտարարությամբ։