Ավերակների վերածվող վանքերն ու թուրքական իշխանությունների անտարբերությունը. Gatestone Institute-ի անդրադարձը
Ամերիկյան Gatestone Institute կազմակերպությունն անդրադարձել է 1974թ. ի վեր Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսի տարածքում քրիստոնեական սրբավայրերի վիճակին:
Կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նշվել է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ ոչինչ չեն ձեռնարկում Կիպրոսի հույն ուղղափառ, Հայ առաքելական, ինչպես նաև հայ ու Մարոնիտ կաթոլիկ եկեղեցիներին պատկանող սրբատեղիները ոչնչացումից փրկելու համար:
Հոդվածում շեշտվել է Կիպրոսի հայ համայնքի հոգևոր կենտրոն համարվող Սուրբ Մակար եկեղեցու մասին, որը, ըստ նյութի հեղինակների, լիովին թողնված է «բախտի քմահաճույքին»:
«Վանքն այժմ ողբալի վիճակում է գտնվում և մարդկանց աչքի առաջ վերածվում ավերակի»,-նշվում է հոդվածում:
Նշենք, որ Սուրբ Մակար վանքը, որը հայտնի է նաև Մակարավանք անվամբ, մոտ 1000 թվականին հիմնադրել են տեղի ղպտի քրիստոնյաները: Ավելի ուշ՝ 1425 թվականին, այն անցել է Հայ առաքելական եկեղեցուն: 20-րդ դարի սկզբին վանքն ապաստան է հանդիսացել Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ փախստականների համար: