Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները քննարկել են երկաթուղու հետ կապված հարցեր
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառայությունից։
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները:
Հակոբ Արշակյանը նշել է, որ ՀԿԵ գործունեությունը և ընկերության կողմից իրականացվող ներդրումների առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Այս պահի դրությամբ ռուսական կողմը զգալի միջոցներ է ուղղել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը:
Դրական են գնահատվել նաև ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ն գնել է երկու ժամանակակից ЭП2Д էլեկտրագնացքներ՝ մեկն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով, իսկ մյուսը նույն երթուղում կսկսի գործել 2019 թվականի առաջին եռամսյակում:
Հայկական կողմն ընդգծել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում և նշել, որ պատրաստ է հետագա փոխշահավետ համագործակցությանը:
Բացի այդ, հանդիպման մասնակիցներn անդրադարձել են ՀԿԵ ուղևորափոխադրումների Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորման, Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման կատարելագործման, պետական հատուկ պահպանության անհրաժեշտություն ունեցող օբյեկտների և ՀԿԵ գործունեության զարգացման ռազմավարության հարցերին: