Բերդավան գյուղի բնակիչները փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը՝ պահանջելով հայրենիք վերադարձնել Կարեն Ղազարյանին
Այսօր առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան:
Լրատվամիջոցները զրուցել են Բերդավան գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի հետ: Հենց այդ դպրոցում է սովորել Կարեն Ղազարյանը, որի մայրը ուսուցչուհի է:
«Այս պահի դրությամբ ճանապարհը մեքենաներով 2 կողմից փակ է: Պահանջը միայն Կարեն Ղազարյանին Հայաստան բերելն է: Բոլոր օղակներով հարցը քննարկվել է, կառավարությունից պատասխանում են, որ հարցը ընթացքի մեջ է, բայց Ադրբեջանում որոշել են, որ սովորական քաղաքացին դիվերսանտ է, և նոյեմբերի 20-ին դատ է տեղի ունենալու: Կարենին՝ որպես դիվերսանտի, որպես սահմանախախտի, ցանկանում են դատել»,- ասաց տնօրենը:
Արևիկ Ասատրյանը նշեց, որ միջազգային ատյաններից «Կարմիր խաչը» բավականին ակտիվ զբաղվել է այդ հարցով, սակայն նրանք իրավական լծակներ չունեն:
«Ադրբեջանը ներկայացրել է, որ իրենք առաջարկել են գերիների փոխանակում, իսկ Երևանը լռում է, դրա համար է գյուղը ցանկանում իմանալ՝ ինչու է Երևանը լռում: Երեխան չէր գնա Ադրբեջան, առ այսօր հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում: Նա միայն այսքան ժամանակ «Կարմիր խաչի» միջոցով հարազատների հետ նամակագրություն է ունեցել: Մենք պատրաստ ենք ճանապարհ փակել այնքան ժամանակ, մինչև կստանանք պատասխան համապատասխան ատյաններից: Մենք մեր ուսուցչուհու տղային, մեր համագյուղացուն ուզում ենք հետ բերել թշնամական հանրապետությունից»,- նշեց նա: