Եվրոպան այլևս չպետք է վախենա իր իշխանությունը գործի դնելուց. Ֆրանսիայի ֆինանսների նախարար
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը կոչ է արել Եվրոպան «կայսրություն» դարձնել՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նմանությամբ: Այդ մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Ֆրանսիացի նախարարի կարծիքով՝ այդ «կայսրությունը» պետք է խաղաղասեր տերություն լինի, որը հիմնվում է իրավական պետության սկզբունքների վրա:
«Եվրոպան այլևս չպետք է վախենա իր իշխանությունը գործի դնելուց»,- ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Իրանի նկատմամբ «ապօրինի» ամերիկյան պատժամիջոցներից Եվրամիությունը պաշտպանելու անհրաժեշտությունն ու «Դոնալդ Թրամփի կառավարության ճանապարհին հայտնվելը»:
«Այստեղ խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ին հստակ ասենք՝ մենք ինքնիշխան մայրցամաք ենք, և մենք ենք որոշում՝ ում հետ առևտուր անել»,-ասել է Լը Մերը:
Օրերս էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր ԱՄՆ-ից անկախ «համաեվրոպական բանակ» ստեղծել, այդ թվում՝ կիբեռանվտանգության համար: Թրամփն իր ֆրանսիացի գործընկերոջ առաջարկը «շատ վիրավորական» էր անվանել: