Ավստրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ լրտեսական սկանդալը
Ավստրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ լրտեսական սկանդալԱվստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Ö1 ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է պաշտոնաթող գնդապետի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի մասին լրտեսական սկանդալը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող գնդապետը խոստովանական ցուցմունք է տվել:
Հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարության աղբյուրին՝ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաշտոնաթող գնդապետը ռուսական կողմի տրամադրած տեխնիկական սարքավորումներն է օգտագործել:
Զալցբուրգի դատախազության ներկայացուցչի տվյալներով՝ նախկին զինվորականը նախնական կալանքի տակ է գտնվում:
Ավստրիացի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն իրականացնել որոշակի միջոցներ ձեռնարկելուց առաջ:
Վան դեր Բելենն ասել է, որ հարցը չի քննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում կիրակի կայանալիք Խաղաղության համաժողովի ժամանակ, որին ներկա են լինելու տասնյակ համաշխարհային առաջնորդներ: