Մի քանի հարյուր աշխատատեղանոց առաջարկ կառավարությանը. Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մի քանի հարյուր աշխատատեղանոց առաջարկ կառավարությանը:
Նախորդ կառավարությունը այս տարվա հունվարին որոշում ընդունեց՝ արգելելով աջ ղեկով մեքենաների ներմուծումը հանրապետություն:
Արդյունքում աջ ղեկով մեքենաներ ներկրողները դրանք հասցնում են Վրաստան, շուրջ 1000 դոլար ծախսում՝ դրանք ձախ ղեկ դարձնելու համար (աջ ղեկով մեքենաները այնքան էժան են, որ շատ թե քիչ ձեռնատու է անգամ այդքան ծախս անելով դրանք ներմուծելը) ու հետո ներմուծում Հայաստան՝ փաստացի ապահովելով Վրաստանում առնվազն մի-քանի հարյուր բարձր վարձատրվող աշխատատեղեր:
Հիմա ես առաջարկում եմ կառավարության նոր որոշմամբ թույլ տալ ներմուծել աջ ղեկով մեքենաներ Հայաստան՝ պարտավորեցնելով X օրից հետո ներմուծած մեքենաները որոշակի խելամիտ ժամկետում վերամոնտաժել ձախ ղեկի:
Այս գրառմանս ներքո արված մեկնաբանություններն էլ համարեք հանրային քննարկման տեսակ:
Ի դեպ, առաջարկը փոխանցում եմ մի տաքսու վարորդի շուրթերից, որի անունը չգիտեմ»: