Թուրքական ոստիկանությունը շատ մոտ է սաուդացի լրագրողի մարմինը գտնելուն
Թուրքական ոստիկանությունը շատ մոտ է սաուդացի լրագրող Ջեմալ Խաշկջիի մարմինը գտնելուն, նման տեղեկություն է հրապարակել բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան ոստիկանի, ում անունը չի նշվում:
Նշվում է, որ թուրք իրավապահներն ունեն իրենց ձեռքի տակ Խաշկջիի ԴՆԹ-ի նմուշներն ու դրանց ձեռք բերման համար Սաուդյան Արաբիային դիմելու կարիքը չունեն:
Աղբյուրը հաստատել է, որ թուրքական ոստիկանությունը փնտրում է լրագրողին Ստամբուլին հարակից անտառում ու Յալովա քաղաքում:
Հայտնի է, որ լրագրողի անհետացման օրը մի քանի կասկածյալ անձինք, դուրս գալով հյուպատոսության շենքից, ամենայն հավանականությամբ, մեքենաներով ուղղվել են անտառի կողմ:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել էին Սաուդյան Արաբիայի քաղաքացի 15 կասկածյալի լուսանկարները, որոնք կորած լրագրողի՝ հյուպատոսություն մուտք գործելու օրն ինքնաթիռով ժամանել են Ստամբուլ, Խաշկջիից առաջ մտել հյուպատոսարան ու ժամեր անց դուրս եկել այնտեղից կասկածելի պայուսակներով:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
Ի սկզբանե Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում էր թուրքական ոստիկանության այն վարկածը, ըստ որի սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսարանի շենքում: Սաուդյան կողմը պնդում էր, որ Խաշկջին անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո միայն: