Նիդեռլանդները Ռուսաստանի դեմ կիբեռպատերազմ է հայտարարել
Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև կիբեռպատերազմ է ընթանում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեվելդը:
«Ռուսներն ազդում են մեր ընտրությունների և այլ ժողովրդավարական ընթացակարգերի վրա: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Պետք է վերջ տալ միամիտ լինելուն», - ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ հունվարին լրանում է Մոսկվայի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցների ժամկետը:
Հնարավոր պատասխան միջոցների շարքում նախարարը նշել է հետախուզական ծառայությունների ֆինանսավորման ավելացումը, որոնք կկարողանան դիմակայել կիբեռհարձակումներին:
Անցյալ շաբաթ նախարարը հայտարարել էր, որ հոլանդական կողմին հաջողվել է կանխել հաքերային հարձակումը Քիմիական զենքն արգելող կազմակերպության կայքերի նկատմամբ, որն իբրև փորձել են իրականացնել ռուսները:
Նիդեռլանդների հետ միաժամանակ Ռուսաստանին կիբեռհարձակման մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան: