Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` Ազգային օրենք 26199-ին հավատարմության ծրագրով, որով ամեն տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության գործողության օր»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
«Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կետերից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ուստիեւ նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով ամրագրվում է հավատարմությունը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ողբերգություններին, որոնք սերտորեն փոխկապակցված են ավելի ուշ տեղի ունեցած դեպքերի հետ: Տուցումանի այս կարեւորագույն քայլը միտված է դրան», - ասել է Արգենտինայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկելաս Սաբունջյանը:
Այս նախագծով Տուկումանը կդառնա Արգենտինայի 21-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2007 թվականի հունվարի 11-ին Արգենտինայում հրապարակվել է Ազգային օրենք 26199-ը, որով յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պետք է նշվի «Ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության գործողության օր»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Օրենքի հոդվածներից 1-ը կոչ է անում նահանգներին`միանալ դրան:
Ազգային օրենք 26199-ին արդեն միացած նահանգների թվում են Բուենոս Այրեսը, Կատամարկան, Ճակոն, Չուբութը, Կորդովան, Կորինտեսը, Էնտրե Ռիոսը, Խուխույը, Լա Պամպան, Լա Ռիոխան, Մենդոսան, Միսյոնեսը, Նեուկենը, Ռիո Նեգրոն, Սալթան, Սան Լուիսը, Սանտա Կրուսը, Սանտա Ֆեն, Տուկումանը եւ Տիերա դել Ֆուեգոն եւ Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքը: Օրենքը դեռեւս չեն հաստատել Սանտիագո դել Էստերո եւ Ֆորմոսա նահանգները: