Հայաստանի և Ռումինիայի արտգործ նախարարների հանդիպումը՝ Նյու-Յորքում
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին:
Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարեւոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունները եւ փոխայցելությունները: Երկուստեք կարեւորվեց Ռումինիայի հայ համայնքի դերակատարությունը` որպես երկու պետություններին միավորող ամուր կամուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետորեն իրացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերաակտիվացման միջոցով:
Հայաստանի եւ Ռումինիայի ԱԳ նախարարները մանրակրկիտ անդրադարձան Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, ինչպես նաեւ մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին:
Նախարար Մնացականյանն իր ռումին գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի առաջնահերթությունները: Կողմերը համակարծիք էին հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման հարցում: