Թուրքական ռազմանավը Փոթիի նավահանգստում է
Թուրքական TCG Bayraktar (L-402) նավը մտել է Փոթիի նավահանգիստ: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ գրում է apsny.ge-ն:
Նավի վրա ռազմական զորավարժությունները կանցկացվեն Ազգային պաշտպանության համալսարանի ռազմածովային դպրոցի առաջին կուրսեցիների կողմից: Նավի վրա գտնվում է շուրջ 500 մարդ: Այցի նպատակն է պրակտիկայում ամրապնդել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները:
«Վրաստանը և Թուրքիան հարևաններ երկրներ են: Այցը կատարվում է հենց այդ հարաբերությունների շրջանակներում: Դա զինվորական դպրոցի նավ է, որի վրա մոտ 350 ուսանող կա: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, որոնց հարաբերությունները զարգանում են օրըստօրե»,- հայտարարել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մաքբուլե Քոչաքը Բաթումիում:
Նավը Փոթիի նավահանգիստը կլքի սեպտեմբերի 17-ին: