Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը եղել և մնում են բարձր մակարդակի վրա. Կալաշնիկով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանն հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը:
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Բաբլոյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում կարևորել է օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցությունը:
Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը եղել և մնում են բարձր մակարդակի վրա:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա ևս անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:
Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Կողմերն ընդգծել են վեհաժողովի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ: