Ռուսաստանի տարբեր քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցեր են անցկացվել
Այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցեր են անցկացվել, որոնք կազմակերպել են ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմնակիցները: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Նշվում է, որ ամենազանգվածային ցույցերն անցկացվել են Մոսկվայում՝ ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայում. ոստիկանների հաշվարկների համաձայն՝ ցույցին մասնակցել է վեց հազար մարդ, իսկ կազմակերպիչների գնահատմամբ՝ հարյուր հազար մարդ:
Նշվում է, որ բեմից կենսաթոշակային բարեփոխումների քննադատությամբ ելույթ է ունեցել ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կոմունիստները պահանջում են կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
ՌԴ Կոմունիստական կուսակցությունը բողոքի ակցիաներ է անցկացրել նաև Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում և այլ քաղաքներում: