Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը մերժել է Ալեքսեյ Նավալնու կուսակցության գրանցումը
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մերժել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցներին` «Ապագայի Ռուսաստան» կուսակցությունը գրանցելու հարցում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի է, որ քաղաքական գործիչը 2013 թվականից փորձում է գրանցել իր կուսակցությունը:
Ինչպես նշվում է ՌԴ արդարադատության նախարարության պատասխանում, որը հրապարակվել է Նավալնու կայքում, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ չեն ներկայացվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Նավալնին և նրա կողմնակիցները հայտնել են, որ իրենք կշարունակեն պայքարել գրանցվելու համար ու դատարան կդիմեն:
«Մենք հերթական անգամ ներկայացրինք փաստաթղթերը, նրանք մերժեցին», - ասել է Նավալնին՝ պնդելով, որ ինքը ներկայացրել է կուսակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«Նրանք փաստաթղթեր են պահանջում, որոնք չեն պահանջվում այդ ցանկում»,- հավելել է Նավալնին: