Մտահոգիչ է Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հարցը . ԿԳ նախարար
Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում:
ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:
Արայիկ Հարությունյանը Վրաստանի հայկական դպրոցները՝ հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնելով, միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է քաղաքական կամքը:
Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում բարեփոխումների փորձի փոխանակման և մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպան Սագանելիձեի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարևան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հայ-վրացական կրթական համագործակցության նոր ուղիները և առկա խնդիրները:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման և կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայնման, Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները հայոց լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ապահովել հետագա շարունակական համագործակցությունը: