Թուրք այլախոհը կեղծ անձնագրով հատել է Հայաստանի սահմանը
2018 թ.-ի հուլիսի 20-ին ՀՔԱՎ (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) են դիմել Թուրքիայի ներկայացուցիչները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Ըստ տեղեկությունների՝ Ջևրիյե Օքույուջուն նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արևմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, և ըստ ՀՔԱՎ-ին հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա:
Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար և ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների:
Ջևրիյե Օքույուջուն քուրդ ակտիվիստ է, քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ և իշխող կուսակցության ընդդիմադիր, որն արտահայտել է իր քաղաքական հայացքները:
ՀՔԱՎ-ը տարածած հայտարորությամբ, նրանք կոչ են անում, որ Ջևրիյե Օքույուջուն ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր քաղաքական և այլ հայացքները: Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՔԱՎ-ը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ կասեցնել Ջևրիյե Օքույուջուին Թուրքիա արտահանձնելու գործընթացը և ապահովել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից երրորդ երկիր: