Սյունիքում տրվեց «Գորիսը ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկը
Երևան-Գորիս մայրուղու մուտքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանը նոր շունչ հաղորդեց Գորիսին:
Հուշարձանի բացմամբ հուլիսի 7-ին Գորիսում տրվեց «Գորիսը ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառուների մեկնարկը:
«Գորիսի ընտրությունը պայմանավորված է դրա հետաքրքիր ճարտարապետությամբ և կոլորիտով: Այս օրերին Գորիս են այցելել ԱՊՀ ութ երկրից ավելի քան 150 արվեստի գործիչներ, պաշտոնատար անձիք»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը շեշտեց, որ Գորիսն այն քաղաքն է, որն ունի հարուստ ավանդույթներ և պատմությանը տվել է տաղանդավոր գրողներ, երգահաններ և այսօր էլ գորիսեցիները շարունակում են ստեղծագործել, լինել հոգևոր ու մշակութային ժառանգության կրողն ու շարունակողը:
«Այս կառույցն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը: Կառույցի առանձնահատկությունն այն է, որ համայնքի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով ու ներդրումներով են իրականացվել վերակառուցման աշխատանքները»,-ընդգծեց Հովսեփյանը:
Կառույցի ճարտարապետ Սևադա Զաքարյանը պատմեց, որ «Զանգերը» վերակառուցելու միտքն առաջացել է անցյալ տարվա դեկտեմբերին, աշխատանքները մեկնարկել են ձմռանը, բայց, իմանալով, որ Գորիսը հռչակվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաք, արել են ամեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին ավարտելու համար: Քարերը Իշխանասարի փեշերից են բերվել: «Կառույցի դիմաց գտնվող սարի վրա կա դիտակետ, որը դեռ պետք է կառուցել և, հավանաբար, մինչև աշուն ավարտին հասցնել: Սա ոչ միայն Արցախ-Սյունիք մայրուղու վրա կառուցված խորհրդանիշ է, այլև հանգստի գոտի»,-եզրափակեց ճարտարապետը: