14 միլիարդ ռուբլի է ծախսվել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրվա նիստում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար դաշնային բյուջեի միջոցների ծախսերի մասին հաշվետվություն է ներկայացրել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար դաշնային բյուջեի ծախսերը կազմել են 14 մլրդ 259 մլն 422 հազար ռուբլի», - ասված է ԿԸՀ-ի՝ ֆինանսական հաշվետվության մեջ, որտեղ նաև նշվում է, որ ընտրությունների կազմակերպման համար դաշնային բյուջեից տրամադրվել էր 17 միլիարդ 697 միլիոն 998 հազար ռուբլի:
Օրենքի համաձայն, ԿԸՀ-ն ընտրությունների տվյալների պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց հաստատում է քարոզարշավի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և այն ուղարկում Պետդումային և Դաշնային Խորհրդին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զեկույցը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր է հրապարակել այն: