Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարեւորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, եւ հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր արդեն քաղաքական ողջ գործընթացները տեղափոխվել են Ազգային ժողով, ձեւավորվել է նոր կառավարություն, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Հայաստանը նույն հաստատակամությամբ շարունակում է նախապատրաստական աշխատանքները»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։
Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը նշել է, որ ժողովրդական գործընթացները լավագույնս հանգուցալուծվեցին եւ կարեւորել է Նախագահի դերն այդ գործում: Նա ասել է, որ առանց բռնությունների եւ արյունահեղության հայաստանյան փոփոխություններն ուսանելի կարող են լինել շատ երկրների, եւ հատկապես Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների համար: