Մշակույթի նախարար Մակունցը հանդիպեց գործող թանգարանների տնօրենների հետ
«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ և ծանոթացավ ոլորտում առկա արդի մարտահրավերներին:
Հանդիպման սկզբում նախարարը նշեց. «Այս հանդիպումն ուշանալ չէր կարող, քանի որ ցանկանում էի ծանոթանալ ձեզ հետ՝ հասկանալու թե ինչ փուլում են գտնվում աշխատանքներն ու ինչ խնդիրներ, անելիքներ ունենք: Պետք է նշեմ, որ կառավարության ծրագիրը մշակման փուլում է և նախարարության ոլորտային ծրագրերի, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի քննարկման անհրաժեշտություն կա»:
Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատելու են կառուցողական մթնոլորտում և անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր դիրքորոշումը, որոնք կբխեն որոշակի արժեքներից, ինչն էլ կկազմի կառավարության քաղաքականության մաս:
Նախարար Լիլիթ Մակունցն առանձին–առանձին լսեց թանգարանների տնօրենների դիտարկումներն ու առաջարկություններն ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև «Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները հրավիրեցին նախարարին իրենց ղեկավարած մշակութային օջախներ: