Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին
Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում: Իսկ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը քննարկման ենթակա չէ։ Այս հարցով կա կոնսենսուս և ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում։
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստան են այցելում շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ, կարծիք հայտնեց, որ երևի ռուսաստանցիներին Հայաստանը շատ դուր է գալիս:
«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նաև շնորհավորեց ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և հիացած եղել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Նիկոլ Փաշինյանյանին, հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա:
«Մենք կշարունակենք միասին աշխատել և՛ միջազգային կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ մենք աջակցում ենք միմյանց, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով»,- ասաց նա:
Հանդիպումն այժմ շարունակվում է փակ դռների հետևում: