Հայաստանի դեսպանությունը աշխատում է ՌԴ մարմինների հետ՝ վարորդական վկայականների հարցով
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հետևողական աշխատանքներ է տանում ռուսաստանյան պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման սահմանափակման վերացման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից։
«Վերոնշյալի շուրջ լրացուցիչ տեղեկատվություն կհայտնենք հետագայում»,- խոստացել են դեսպանատնից։
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել էր, թե հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել»,- գրել էր նա: