Կրեմլում հույս ունեն պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները
Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատուն կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքական գծում: Պաշտոնական Մոսկվան լիահույս է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա սահմանադրական շրջանակներում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք շարունակում ենք հուսալ, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ բարեկամները հնարավորինս շուտ կարգավորեն ստեղծված քաղաքական իրավիճակը: Մենք նաև հույս ունենք, որ ամեն դեպքում դաշնակցական, բարի և կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կմնան հաստատուն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ասել է Պեսկովը: