Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն`Շուշանիկին
Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես' Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս' որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել' նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է' ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր' անսահմանորեն:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. Աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս' ես օտար, չճանաչված եմ այդտեղ…
ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ~Ր, ՄԵՌԱ~Ր…
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ…