Երբ անունդ վաղուուուուու՜ց ժողովրդի սև ցուցակում է, չեն օգնի ո՛չ տուֆը, ո՛չ լվացքի մեքենան
Խիստ բարեկազմ մի նախկին երգչուհի կա, անունը՝ Շուշան Պետրոսյան։ Նա եզակի մարդ է մեր իրականության մեջ, ում հաջողվեց ընդամենը 10 տարում այնպես անել, որ ողջ ջերմությունն ու սերը, որը տածում էր ժողովուրդն իր անձի հանդեպ, կոնվերտացվի ատելության, տհաճության ու քամահրանքի։ Վերջին մի քանի անբովանդակ տարիներին ԱԺ-ի դժբախտ նստարանը տանջող Շուշանը, ով մասնագիտացել է մարդկանց աչքերը հանել սպառնալու, դիետայի օրերին էլ ԱԺ-ի ամբիոնից տափակ ու պաթետիկ ճառեր կարդալու մեջ, նոր հոբբի է գտել իր համար․ լվացքի մեքենա ու քաղցր-մաղցր է նվիրում բանակին ու գլուխ գովում։
Հասկանում եմ, որ սա վերջին շանսն է այս գեղեցկուհու համար՝ փրկելու իր անունը, բայց երբ ժողովրդի սև ցուցակում ես վերջնական ու վաղուուուուու՜ց, չեն փրկի ո՛չ լվացքի մեքենան, ո՛չ բանակին նվիրաբերված տուֆը, ո՛չ վաֆլին։ Ու երբ տեսնում ես, թե այս պաթետիկ տիկինն ինչպես է իրեն փիառում, մեջտեղից ճղվում, Ֆեյսբուքում ամեն մեկնաբանության պատասխանում ու կռիվ տալիս, թե ինչու իրեն չեն հասկանում ու իր բարեգործությունները չեն գնահատում, ուզում ես ասել՝ ո՜վ դժբախտ տիկին, ինչո՞ւ չես գործի ընդունվելուց առաջ գոնե աշխատանքային պարտականություններդ կարդացել։ Ո՞վ է ասել, որ ԱԺ պատգամավորի գործը դրամահավաքներ կազմակերպելն է ու դրամահավաքին չմասնակցողներին տականք կոչելը։ Քանի՞ օրենք ես հեղինակել, քանի՞ օգուտ տվող ելույթ ես ունեցել, ի՞նչ ծրագրային կարևոր բան ես արել։
Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Շուշանը դուրս էր գալիս Բժշկական համալսարանի մոտ գտնվող իր համեստ տնից ու քայլում էր փողոցով, հաց ու կանաչեղեն վաճառողները դեպի նրան էին պարզում իրենց ապրանքներն ու խնդրում, որ երգչուհին դրանք վերցնի որպես նվեր։ Հիշում եմ վաճառողների դեմքերը, երբ Շուշանը համաձայնվում էր նվերը վերցնել։ Իսկ հիմա... Հիմա Շուշանի համար մեծ հաջողություն է համարվում այդ նույն վաճառողների կողքով առանց թուք ու մուր ուտելու անցնելը։ Դե ինչ, փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, ու երբ մարդիկ հայտնվում են ժողովրդի սև ցուցակում, դա վերջնական է, իսկ դրանից դուրս գալու պայքարն՝ անօգուտ ու անիմաստ։
Արմեն Աբրահամյան. Ֆեյսբուք: