Թուրքական դատարանը չեղարկել է Սուրբ Կիրակոսը պետականացնելու որոշումը
Թուրքիայի վճռաբեկ դատարանը բավարարել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի կողմից ներկայացված հայցը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման վերաբերյալ նախարարների խորհրդի որոշումը չեղարկելու հիմքում շեշտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նմանատիպ որոշումները կապված սեփականության իրավունքի հետ։
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։ Պատճառաբանությունն այն էր, որ քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով վնասված Սուրի շրջանը պետք է պետական միջոցներով վերականգնվի, այդ թվում հայկական եկեղեցիները։
Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: