Թրամփը Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի գործողությունները «խայտառակություն» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի ու սիրիական իշխանությունների հետ միասին պատասխանատվություն է կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար։ Այդ մասին նա ասել է Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Այն, ինչ արեցին վերջերս Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, խայտառակություն է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները Սիրիայում են գտնվում մի նպատակով՝ ազատվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։
«Մենք այլ պատճառներ չունենք։ Եվ հիմնականում հասել եք մեր նպատակին։ Սակայն այն, ինչ արեցին այս երեք երկրներն այս կարճ ժամանակահատվածում, խայտառակություն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Սիրիայում Արևելյան Ղուտայի հրթիռակոծության հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ։ Իրավապաշտպանները կատարվածի համար մեղադրել են Սիրիային ու Ռուսաստանին։