Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ
Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ։
Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծեցին հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։
Դմիտրի Կումսիշվիլին կարևորեց Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։
Դեսպան Սադոյանն իր հերթին նշեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։
Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրեց այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։