Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ‚ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի տարեդարձն է (տեսանյութ)
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թ. նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
2007 թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: