Լոռիի բնակիչները փակել են ճանապարհը և բողոքի ակցիա են կազմակերպել
ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում բողոքի ակցիա է ընթանում Շեկաղբյուրի ծրագրի դեմ, համաձայն որի նախատեսվում է տվյալ տարածքում իրականացնել ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագիր: Այս մասին հաղորդում է EcoNews.am կայքը:
Արդվի, Օձուն, Մղարթ, Այգեհատ, Արևածագ համայնքների բնակիչները չկայացած հանրային լսումների փոխարեն որոշեցին իրականացնել բողոքի ակցիա՝ իրենց դիրքորոշումը հայտնելով այս եղանակով: Մղարթ համայնքում էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Արդվին հայոց սրբավայր է», «մեր ոսկին մեր բնությունն է», «հեռու Արդվուց». բարձրաձայնում են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Միռամ» ընկերությունը: Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: