Լեհաստանի Սենատը ընդունել է բանաձև՝ հայերի պատվին
Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձև:
Բանաձևում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:
Բանաձևի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով:
«Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:» - նշել է Բաբլոյանը
Նա նաև հավելել է, որ Կարչևսկու և Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել են հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին:
«Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջև հարաբերությունները և ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջև կապերը: Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվեց նաև 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի համար մենք շնորհակալ ենք: Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, և մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու և հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ավարտել է ՀՀ ԱԺ նախագահը: